03/03/2023 11:26
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականը հաջորդ շաբաթ իր առաջին այցը կկատարի Հարավային Կովկաս
ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ առաջին այցից հետո Վաշինգտոնն ակնկալում է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը կանոնավոր այցելություններ կկատարի Հարվային Կովկասի բոլոր երեք երկրներ:
«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Նա կմեկնի Բաքու, Երևան, ինչպես նաև Թբիլիսի», - ասել է Փրայսը:
Փրայսը շեշտել է` կարծում են՝ Բոնոն կարող է հիմնվել մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում տեղի ունեցած պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների վրա։