10/03/2023 14:19
Օտարերկրացիները Հայաստանում կարող են անվճար պատվաստվել կարմրուկի դեմ
Հայաստանում գտնվող օտարերկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստումն իրականացվելու է անվճար:
«Մարտի 9-ից շարժական պատվաստումային կետը գործում է: Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին: Նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել, կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գայանե Սահակյանը:
Նա ասաց, թե շատ քաղաքացիներ են այս ընթացքում պատվաստվել կարմրուկի դեմ:
«Հայաստանում պատվաստումային մակարդակը բարձր է, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել նման բերովի դեպքերով պայմանավորված բռնկումները», - նշեց Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք՝ մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։
Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: