11/03/2023 21:16
Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր
Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և նույն գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև ժամանեն Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի Քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։