
17/03/2023 20:06
Միջազգային հանրության կողմից շատ հայտարարություններ են եղել, բայց շատ քիչ գործնական քայլեր․ Բորելը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման մասին
Ո՛չ Իսրայելը, ոչ էլ Պաղեստինը պատրաստ չեն խաղաղության, El País պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ամեն շաբաթ չափազանց շատ մարդիկ են զոհվում Իսրայելում և Պաղեստինի օկուպացված տարածքներում, միլիոնավոր մարդիկ ապրում են վախի և հուսահատության մեջ։ Միջազգային հանրության կողմից շատ հայտարարություններ են եղել, բայց շատ քիչ գործնական քայլեր»,- իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին է անդրադարձել Բորելը ։
«Հստակ է, որ ոչ իսրայելական կողմը, ոչ էլ պաղեստինյանը պատրաստ չեն խաղաղության, պետք է ազնիվ լինել ու խոստովանել, որ ծայրահեղականության դրսևորումներն աճում են երկու կողմից էլ։ Վերջին տարիներին միջազգային հանրությունը ձախողել է կողմերի միջև կայուն խաղաղություն հաստատելու իր ջանքերում»,- ասել է Բորելը՝ ԵՄ-ին ու միջազգային հանրությանը կոչ անելով ավելի շատ ջանքեր ներդնել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Թեպետ մենք չենք կարող ստիպել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց կարող ենք ճանապարհ հարթել և օգնել նրանց նախապատրաստվել դրան»,- ասել է Ժոզեպ Բորելը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Քոփմանսին հանձնարարել է աշխատել Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների հետ՝ տարածաշրջանային համապարփակ գործընթացի շրջանակում մշակելու ինչպես Իսրայելի և Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի և նրա արաբական բոլոր հարևանների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ։
«Անհրաժեշտ է ինչ-որ բան անել՝ բռնության այս ցիկլը կանգնեցնելու համար, և մենք կարող են վճռորոշ դերակատարում ունենալ՝ կողմերին օգնելով դիտարկել իրենց տարբերակները»,- ասել է Բորելը՝ միևնույն ժամանակ հստակեցնելով՝ «ես խաղաղության՝ եվրոպական նախաձեռնության մասին չեմ հայտարարում»։