
18/03/2023 18:33
«Հիմալայներում իրավիճակը վտանգավոր է և փխրուն»․ Հնդկաստանը Չինաստանին կոչ է անում պահպանել համաձայնությունները
Իրավիճակն Արևմտյան Հիմալայների Լադախ շրջանում, որտեղ Հնդլաստանի և Չինաստանի զինծառայողները դեմ հանդիման են կանգնած, մնում է վտանգավոր և փխրուն, հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Իրավիճակն, իմ գնահատմամբ, նախկինի պես շատ փխրուն է, որովհետև կան վայրեր, որտեղ մեր զորքերն իրար շատ մոտ են կանգնած»,- Հնդկաստանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել Times of India-ն։
Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ չինական կողմը պետք է կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․ չնայած նրան, որ ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի զորքերը շատ շրջաններից դուրս են բերվել, «դեռ կան շատ չլուծված հարցեր»։
«Մենք Չինաստանին շատ հստակ հասկացրինք, որ չպետք է խախտել համաձայնություններն ու միաժամանակ ցանկանալ, որ հարաբերությունները մյուս առումներով զարգանան այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- ասել է Հնդկաստանի արտգործնախարարը։
Նշենք, որ Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանազատված սահման գոյություն չունի (երկու երկրները բաժանված են փաստացի վերահսկողության գծով), և տասնամյակներ շարունակ այս վայրը լարվածության օջախ է հանդիսանում։ 2020 թվականի մայիսին լեռնային Լադախ շրջանում, Հնդկաստանի և Չինաստանի սահմանին, տեղի են ունեցել բախումներ՝ երկու կողմից զոհերով։ Բանակցությունների արդյունքում Պեկինն ու Նոր Դելին սկսել են աստիճանաբար դուրս բերել իրենց զորքերը սահմանագծից։