
18/03/2023 18:12
Տոկաևը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում առաջընթացի մասին և ՄԹ վարչապետին հրավիրել Ղազախստան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հրավիրել է Ղազախստան։ Հրավերի առաջարկը նա հնչեցրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի ջերմ խոսքեր և լավագույն բարեմաղթանքներ է փոխանցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։ Նա բրիտանական կառավարության ղեկավարին հրավիրել է այցելել Ղազախստան՝ իրեն հարմար ցանկացած ժամանակ, ինչը լավ առիթ կհանդիսանա՝ քննարկելու երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող կոնկրետ հարցեր»,- նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցության ամրապնդման հեռանկարները, Տոկաևը երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին է փաստել։
«Իմ գնահատականով՝ մեր համագործակցությունը շատ հաջողված է հատկապես տնտեսական, ինչպես նաև քաղաքական ոլորտներում։ Մենք պետք է լրացուցիչ ջանքեր ներդնենք մեր փոխգործակցության առաջընթացի համար»,- ասել է նա։
Ըստ տեղեկագրի՝ Ջեյմս Քլեվերլին իր հերթին է հաստատել Լոնդոնի և Աստանայի միջև հարաբերություններում դրական դինամիկայի փաստը։