
18/03/2023 16:03
Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են կարգավորել հարաբերությունները․ Չավուշօղլու
Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են լիովին կարգավորել հարաբերությունները, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Կահիրեում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո, հայտնում է TRT հեռուստաալիքը։
«Շուտով մենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները կհասցնենք ամենաբարձր մակարդակի»,- ասել է Չավուշօղլուն։
Նա Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ բանակցություններն անկեղծ է բնութագրել։
«Անկեղծ բանակցություններ անցկացրինք ու տեսանք, որ մեր երկրների միջև տարաձայնություններն այնքան էլ շատ չեն։ Հետագա փուլերում ավելի ակտիվ կհամագործակցենք ու կզարգացնենք երկկողմ կապերը բոլոր ուղղություններով։ Կխրախուսենք մեր ընկերություններին ավելի ակտիվ ներդրումներ կատարել համատեղ նախագծերում։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ Եգիտպոսն ամենաշատն է արտահանում իրականացնում»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ զբոսաշրջության ու հումանիտար ոլորտներում ևս համագործակցության չսպառված ներուժ կա։
Նշենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական մակարդակով այց իրականացնում Եգիպտոս։ Երկու երկրների հարաբերությունները վատացել են 2013 թվականին՝ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո, որին հաջորդել է երկու երկրների կողմից իրենց դեսպանների հետկանչը։ 2021 թվականին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է դիվանագիտական մակարդակում Անկարայի և Կահիրեի միջև շփումների վերականգնման մասին։ 2022 թվականին Քաթարում, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, կարճ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև։