
20/03/2023 12:55
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Սիմոնյան
Բնական է, Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է, բայց ասել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում են՝ չեմ կարծում, թե ճիշտ է, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գործընթացը կա և այդ գործընթացը տեղում կանգնած չէ։ Փակուղի անվանելը սխալ է, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու առումով Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել։ Հակառակը, կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար», - ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։