
20/03/2023 20:47
ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա է կանչել հարցաքննության, բայց փաստացի՝ հարցաքննել կասկածանքի շուրջ
Այսօր «Փաստինֆո»-ն, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության՝ դեռեւս բողոքի ակցիաներին վերաբերող գործի շրջանակներում։ Լրատվամիջոցը նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց՝ կասկածանքի շուրջ, քանի որ փաստացի նրան հարցեր են ուղղել որպես կասկածյալի՝ բողոքի ակցիաների ժամանակ, իբր, ոստիկանության մեքենային գույքային վնաս պատճառելու համար։
Մինչ հրապարակումը «Փաստինֆո»-ն փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ ՔԿ-ից, սակայն դա չէր հաջողվել ու հրապարակել էր իրեն հայտնի տեղեկությունները։
Միայն հրապարակումից հետո ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավել ևս՝ գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում։ Ավելին, քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված չէր), Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր»։
«Նախ՝ ՔԿ-ի ուշադրությունն ենք ուզում հրավիրել, որ կասկածյալի կարգավիճակը և վկայի կարգավիճակով կասկածանքի շուրջ հարցաքննությունը բոլորովին այլ բան է, առավել ևս, որ Իշխան Սաղաթելյանը պատգամավոր է և նրան կասկածյալի կարգավիճակով հարցաքննելու համար նախ պետք է նրան անձեռնմխելիությունից զրկել։ Երկրորդը՝ մեր հավաստի տեղեկություններով՝ նրան հարցաքննության էին հրավիրել՝ ոստիկանության մեքենային գույքային վնաս պատճառելու գործով, ու, ըստ ՔԿ-ի պարզաբանման, Իշխան Սաղաթելյանը տուժող է ճանաչվել ոստիկանական ավտոմեքենան վնասելու դրվագո՞վ։
Ի դեպ, բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից Իշխան Սաղաթելյանի, նաեւ այլ պատգամավորների նկատմամբ իրապես բռնություն գործադրվել է, նրանք տուժող ճանաչվել են, սակայն մեր խիստ «պրոֆեսիոնալ» իրավապահներին դեռ չի հաջողվել գտնել այն ոստիկաններին, որոնք բռնություն են գործադրել պատգամավորների նկատմամբ ու որեւէ գործ առ այս պահը դատարան չի ուղարկվել՝ չնայած առկա բազմաթիվ տեսագրությունների»,- գրել է «Փաստինֆո»-ն։