
21/03/2023 16:25
«Հայկական բիզնես անկյուն» նախագծի ստեղծման նպատակն է հայ արտադրողին ներկայացնել միջազգային շուկայում և ներդրումներ բերել Հայաստան. նախագծի հիմնադիր
20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ շուտով հնարավորություն կունենան ներկայանալու ամերիկյան շուկայում։ Այս եզակի հնարավորությունը նրանց ընձեռում է «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը։ Սննդի, խմիչքների, հարդարանքի և պերճանքի պարագաների, չրերի և այլ արտադրատեսակներից մինչև ամենատարբեր ծառայություներ՝ մարկետինգային, ճարտարապետական և այլն ներկայացված կլինեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարներում։ Tert.am-ը զրուցել է «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանի հետ:
- Ինչպե՞ս առաջացավ «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը ստեղծելու միտքը:
- «Հայկական բիզնես անկյուն» նախագծի գաղափարը վաղուց էր հասունացել: Նախկինում երբևէ հայկական արտադրանքը ներկայանալու միասնական հարթակ չի ունեցել, իհարկե, եղել են 1 կամ 2-օրյա ցուցահանդես-վաճառքներ, սակայն այս դեպքում էլ արտադրող-ներմուծող ընկերություններն իրենց ջանքերով են ամեն ինչ արել և ներկայացել շուկային: Մենք ունեինք մի երազանք, որ հայկական արտադրանքը հայտնվի նաև մեծ շուկաներում: Երազանքն իրագործելու համար մենք մտածեցինք, որ պետք է ունենանք ներկայացուցչական տաղավար, որը չի լինի 1-2 օրով, այլ հնարավորություն կտա անհրաժեշտ ժամանակով աշխատանք տանելու: Միայն այս պարագայում կարող ենք հաջողության հասնել և ներկայացնել հայկական ապրանքը մեծ ցանցերին: Համայնքի բոլոր բիզնեսմենները, դիվանագիտական և բիզնես կորպուսը պետք է կարողանան միավորվել և միանան այս նախագծին, որ կարողանանք ճիշտ ներկայացնել հայկական արտադրանքը տարբեր հարթակներում: Ունենալով հայկական բիզնես անկյուն՝ մենք կկարողանանք ըստ արժանվույն այդ աշխատանքն անել: Ահա՛ այս նպատակի իրագործման համար ստեղծվեց այս նախագիծը: Ունենալով նման հարթակ ու ներկայացնելով մեր արտադրանքը դրսի շուկային՝ հաջողություն ունենալու պարագայում մենք ստանում ենք ներդրողի ուշադրությունը, այսինքն՝ եթե ապրանքը մեծ ցանցում է և տվյալ ապրանքի նկատմամբ արդեն ունենք պահանջարկ, պետք է ձևավորել առաջարկ, իսկ դրա համար ներդրում է պետք: Ամերիկաբնակ մեր մերդրողները, գործընկերները պատրաստ են ներդրում անել նման ընկերությունների մեջ, որտեղ ապրանքի շարժը կվերահսկեն նաև իրենք: Սրանով մենք կուժեղացնենք մեր տնտեսությունը, կբերենք ներդրումները մեր երկիր: Ասածս նաև մեկ այլ նպատակ է հետապնդում. Դուք գիտեք, որ Ադրբեջանի պետական բյուջեն 90 տոկոսով կազմված է արտասահմանյան ներդրումներից, այն դեպքում, երբ մեր երկիրը ընդամենը 5-7 տոկոսով է արտասահմանյան ներդրումներից կազմված: Պատերազմների ժամանակ, բնական է, ներդրողներն իրենց գումարներն ավելին են պաշտպանում, քան մեր երկրի խաչքարը կամ պատմությունը: Դրա համար պետք է ամեն ինչ անենք և ճիշտ ներկայացնենք մեզ այլ շուկաներում և փորձենք ներդրումներ բերենք Հայաստան, աշխատատեղեր ստեղծենք, հզորացնենք մեր երկիրը:
- Ինչպե՞ս են ընտրվել այն 20 հայկական ընկերություններն ու 16 ծառայությունները, որոնք մասնակցեն են նախագծին:
- Ընտրել ենք այն ընկերություններին, որոնք, կարելի է ասել, դրոշակակիր են իրենց ոլորտում, ասելիք ունեն և արդեն անցած ուղի ունեն ոչ միայն Հայաստանում, այլև այլ տեղերում, կայացած ընկերություններ են: Ինչու ենք ընտրել հենց կայացածներին, քանի որ ցանկանում ենք նրանց միջոցով ներդրողների ներգրավել, հասնել հաջողության, ապա նախագծում ընդգրկել նաև փոքր ընկերություններին, ստարտափներին, այսպիսով՝ մեծերի հզորությունը կօգնի նաև նրանց: Բոլոր ընկերությունները բանկային պրիզմայի միջով ստուգվել են, բոլորը վարկունակ են, հզոր են, կայուն են: Դա արվել է, որ հաջողության դեպքում բանկը ֆինանսավորի այդ ընկերություններին, այսինքն՝ բանկային համագործակցության համար նրանք բաց են և ընդունելի:
- «Հայկական բիզնես անկյուն»-ը Կալիֆորնիայի սրտում՝ Բըրբանկ քաղաքում է: Ինչու՞ ընտրվեց հենց այս տեղը:
- Բըրբանկ քաղաքն ընտրվեց, քանի որ 2011թ. մեր բիզնեսը մեկնարկել է հենց այս քաղաքում: Այս քաղաքը, անգլերեն ասած, “Entertainment capital city of the United States”: Մեր տաղավարը նախկին ստուդիա է, որտեղ ֆիլմեր ու հաղորդումներ են նկարահանվել, հիմա էլ դարձել է «Հայկական բիզնես անկյուն»-ի տաղավար և բոլոր պարամետրերով համապատասխանում է նախագծին: Բըրբանկում կա մեծ էներգիա, որը հուսով եմ փոխանցվելու է նաև մեզ:
- Կա՞ն որոշ արտոնություններ կամ ինչ-որ հնարավորություններ, որոնք ունենալու են այս ընկերություններն ու ծառայությունները՝ բացի ներկայացված լինելուց: Եթե այո, որո՞նք են:
- Տաղավարում ներկայացված լինելով՝ ընկերությունները լինելու են տարբեր ներդրումային ընկերությունների ուշադրության կենտրոնում: Վերջիններիս մենք ներկայացնելու ենք հայկական արտադրանքն ու արտադրողին: Քանի որ բոլոր ընկերությունները լինելու են մեկ տաղավարում, երբ որևէ արտադրանքով կամ ծառայությամբ հետաքրքրվող ընկերություն գա, արդեն բոլորին կտեսնի, գուցե սկսի հետաքրքրվել այնպիսի մի ընկերությամբ կամ ծառայությունով, որին չէր ճանաչում: Այսպիսով՝ բոլորը հնարավորություն կունենան համագործակցելու ներդրումային ընկերությունների հետ: Սա էլ նախագծին մասնակցելու կարևոր արտոնություններից մեկն է: Այսինքն՝ այդ շփումները լինելու են առարկայական և շոշափելի:
- Առջիկայում ի՞նչ նորություն է սպասվում նախագծի շրջանակում:
- Մինչև նախագծի բացման արարողությունը «Հայկական բիզնես անկյուն»-ի թիմը որոշում է կայացրել համայնքի կայացման գործում ներդրում ունեցող մարդկանց հրավիրել՝ սյուներ տեղադրելու տաղավարում՝ դրանով ցույց տալու մեր միասնականությունն ու ուժը:
- Արդյոք նոր ընկերությունները կարող են ներգրավվել նախագծի շրջանակում:
- Այո, նոր ընկերությունները կարող են ընդգրկվել մեր նախագծում, բայց մինչև դա մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք՝ արդյոք նրանք պատրաստ են այս շուկային: Այս ամենն անելուց հետո, ինչու ոչ՝ կարելի է նրանց ներկայացնել մեր տաղավարում և ներկայացնել ամերիկյան շուկային: