
21/03/2023 11:59
Հայաստանում բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ՝ բարձրացնել բժշկական օգնության որակը։ Կառավարության ծրագրով բժշկական որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ են նախատեսված, այն է ՝ բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավում, մասնագիտական կարողությունների թարմացում և բժշկագիտության զարգացում», - Ազգային ժողովում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով, և ամեն 5 տարի մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին:
Բացի այդ, նախաձեռնվել են նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ։
«Մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարք ու սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով», - մանրամասնեց Ավանեսյանը։