
22/03/2023 15:40
Խորհուրդ չէի տա ասել, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, տեսանելի են նաև քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ. Վարուժան Հոկտանյան
Բնական է, որ Հայաստանում կոռուպցիա կա, բնական է, որ մասշտաբները մեծ են, հաշվի առնելով կոռուպցիայի ընկալման համաթիվը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, ներկայացնելով 200 երկրներում առկա իրավիճակ ուսումնասիրություն, այդ թվում` Հայաստանում։
Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների ու պետական աջակցության տրամադրման:
Մինչդեռ ՀՀ վարչապետն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։
«Ասել՝ համակարգային կոռուպցիա կա, թե ոչ, դրա համար քաղաքագիտական, տնտեսագիտական ուսումնասիրություններ են պետք։ Եվ երբ ասում են թե համակարգային կոռուպցիա կա կամ չկա, ես միշտ պատասխանում եմ, որ դա կարող ենք ասել, երբ կատարվեն լուրջ ուսումնասիրություններ, հետազոտություններ։
Այնպես որ, ճշգրիտ ասելը շատ դժվար է, իհարկե, կան երևույթներ, որոնք մեզ ստիպում են կասկածել, որ համակարգային կոռուպցիա կա, բայց կրկնում եմ, մինչև այդ ամենն ամենայն լրջությամբ չուսումնասիրվի, խորհուրդ չէի տա ասել, թե կա։ Նույն կերպ խորհուրդ չէի տա ասել, թե չկա համակարգային կոռուպցիա», - ասաց Վարուժան Հոկտանյանը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի խոսքով՝ կան երևույթներ, որոնք բավական լուրջ բացասական են և առիթ են տալիս մտածելու՝ մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ.
«Կամ էլ՝ կա բավականին լայնատարած կոռուպցիա, որը դեռևս համակարգային բնույթ չի ստացել։ Բայց այն, որ Հայաստանում բավական մեծ մասշտաբների կոռուպցիա կա, դա փաստ է։ Չի կարելի ասել, թե կոռուպցիան ջախջախվեց, «ուր տեսնում են, կոռուպցիային սատկացնում են»», - նշեց նա։
Մասնագետի գնահատմամբ՝ 2018-2019 թվականներին որոշակի առաջընթաց կար և դա արտահայտվեց նաև կոռուպցիայի ընկալման համաթվով։
«Իսկ վերջին տարիներին այս նահանջը որ եղավ, չի կարելի ասել, թե հայտնվեցինք նախկին մակարդակներում, բայց, դժբախտաբար, ես նահանջի միտումը տեսնում եմ, սա ավելի է մեծացնում կասկածները, որ կոռուպցիան կարող է ունենալ եթե ոչ համատարած կերպով համակարգային բնույթ, շատ հնարավոր է որ լինի նաև համակարգային», - ասա նա։
Հոկտանյանն ասաց, թե չի հավատում, որ հիմա իշխանությունները կարող են կրկնել այն միտքը, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված։
Ինչ վերաբերում է քաղաքական կոռուպցիային, Հոկտանյանն ասաց, որ իշխանությունների ճյուղերի միջև զսպումների հակակշիռների խախտումների, դատական իշխանությունների անկախ չլինելու հետևում կարելի է տեսնել քաղաքական կոռուպցիա, երբ իշխող քաղաքական ուժը ձգտում է պահել իշխանությունը ոչ մրցակցային, կանոնների վրա չհիմնված քաղաքական պայքարի միջոցով։
«Դա, իհարկե կա, միտումը զգացվում է, բայց պետք է նշել, որ միջազգային փորձագետների կարծիքով դա այդքան էլ խորացած չէ, և բարեբախտաբար, առայժմ չենք ընկել այն վիճակին, ինչը կար նախքան 2018 թվականի թավշյա, ոչ բռնին», - եզրափակեց Հոկտանյանը։