
22/03/2023 17:57
Աշխարհի բնակչության մեկ քառորդին խմելու մաքուր ջուրը հասանելի չէ․ ՄԱԿ
Աշխարհի բնակչության առնվազն 26%-ի համար մաքուր և անվտանգ խմելու ջուրը, 47%-ի համար՝ տարրական սանիտարական ծառայությունները հասանելի չեն, նշված է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
Ըստ զեկույցի՝ վերջին 40 տարվա ընթացքում աշխարհում ջրի սպառումն աճել է տարեկան 1 տոկոսով և, ըստ կանխատեսումների, առաջիկա 30 տարում աճի այդ դինամիկան կպահպանվի՝ պայմանավորված բնակչության աճով, սոցիալ-տնտեսական զարգացմամբ ու ջրի սպառման բնույթի փոփոխություններով։
«Մոտ 4 միլիարդ մարդ տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս ապրում է ջրի խիստ սակավության պայմաններում»,- նշված է զեկույցում։ Համաձայն դրա՝ մինչև 2030 թվականը աշխարհի ամբողջ բնակչության համար մաքուր ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունն ապահովելու համար տարեկան կպահանջվի 600 միլիարդ մինչև 1 տրիլիոն դոլար:
Ջրի պահանջարկի աճն ամենից շատ նկատելի է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների քաղաքային բնակավայրերում։ Համաձայն ՄԱԿ զեկույցի՝ քաղաքները ջրով ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում ոռոգման ավելի արդյունավետ մեթոդներ ներդնել, քանի որ ջրի օգտագործման 70 տոկոսը բաժին է ընկնում հենց ոռոգմանը։