
23/03/2023 18:53
Իրանից նավթի արտահանման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել
Իրանից նավթի արտահանման ցուցանիշները վերջին երկու տարվա ընթացքում ռեկորդային աճ են արձանագրել՝ անցյալ ամիս գերազանցելով օրական 1,3 միլիոն բարելը, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին։
Նա հայտնել է նաև, որ տարվա առաջին 11 ամիսներին (իրանական օրացույցով՝ տարին սկսվում է մարտի 21-ից-խմբ․) ոչ նավթային արտադրանքի արտահանումը հասել է 53 միլիարդ դոլարի՝ 12 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 60 միլիարդ դոլար։
«Առևտրի այսպիսի հոսքերի մասին տվյալները փաստում են, որ Իրանին անհնար է մեկուսացնել»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին IRNA գործակալությանը հայտնել էր, որ նավթի արտահանումից Իրանի ստացած եկամուտները 2022 թվականի մարտից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել են 26 միլիարդ դոլար, ինչը 8 միլիարդով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներից։ Նավթի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանին, որի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 15 տոկոս է կազմում։