
24/03/2023 21:05
Մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած «դիվանագիտության» ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում․ Սերժ Սարգսյան
«Տարբերությունը նրանում է, որ մեր ժամանակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում, մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած «դիվանագիտության» ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում»,- լրագրողների խնդրանքով անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ 2008-ին նախաձեռնված ֆուտբոլային դիվանագիտության նպատակը ոչ թե տնտեսական էր, այլ անվտանգային։
«Այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր, կամ տնտեսական ինչ-որ նպատակներ ունեինք՝ հիմնական, այլ մեր հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Մեր ցանկությունն էր, որպեսզի Թուրքիային հեռու պահենք Ադրբեջանին գոնե բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։
Եվ պարզ է, չէ՞, որ եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ի՞նչ է լինելու օգուտը, չստացվի՝ ինչ է լինելու։
Ես կարծում եմ, որ նույնիսկ չստացվելու պարագայում մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Իսկ թե ինչ կտա գործող իշխանությունների նախաձեռնած պրոցեսը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, պարզ չէ, քանի որ ոչ բանակցությունների մանրամասներն են հրապարակվում, ոչ էլ իշխանությունների պնդումներն են համոզիչ, թե հարաբերությունների կարգավորումն «առանց նախապայմանների է»։
«Մենք մեր բանակցային փաթեթը հրապարակել էինք։ Դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, թե առանց նախապայմանների է։ Շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան։ Բայց մենք էլ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով։ Որովհետև ուրիշ հայտարարություններ էլ են հնչում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։