04/04/2023 20:13
Ակնաշարժ խանգարումների դրսևորումներն ու վիրահատական միջամտությունը. Նիսթագմ
Նիսթագմը ակնաշարժ խանգարումների ծանր ձևերից է, որը դրսևորվում է աչքերի ակամա տատանողական շարժումներով և ուղեկցվում է տեսողության սրության զգալի իջեցումով` թույլ տեսողությամբ:
Նիսթագմի առաջացումը կարող է պայմանավորված լինել կենտրոնական կամ տեղային ազդակների ազդեցությամբ: Նիսթագմը սովորաբար առաջանում է բնածին կամ վաղ ձեռքբերովի տեսողության իջեցման ժամանակ, որը կապված է աչքի տարբեր հիվանդությունների հետ (օպտիկական միջավայրերի մթագնման, տեսողական ներվի ատրոֆիայի, ալբինիզմի, ցանցաթաղանթի դիստրոֆիայի և այլն), որի արդյունքում խանգարվում են տեսողական ֆիքսացիայի մեխանիզմները:
Նիսթագմի առանձին տարատեսակների ժամանակ պահպանվում է բավական բարձր տեսողության սրություն, այդ դեպքում նիսթագմի առաջացման պատճառը ակնաշարժ ապարատի կարգավորման խանգարումն է:
Նիսթագմը կարող է լինել խոշոր տրամաչափային, միջին տրամաչափի, մանր տրամաչափային: Նիսթագմոիդ տատանումների ամպլիտուդայի, հաճախականության և բնույթի որոշման համար օգտագործում են հետազոտության օբյեկտիվ եղանակ` նիսթագմոգրաֆիա:
Նիսթագմոգրաֆի բացակայության դեպքում նիսթագմի ամպլիտուդի բնույթը կարելի է որոշել եղջրաթաղանթի վրա օֆթալմոսկոպի լուսային ռեֆլեքսի տեղաշարժումով: Եթե երկու աչքերի շարժումները միանման չեն, այդպիսի նիսթագմը կոչվում է դիսոցիացված: Այն հանդիպում է ծայրահեղ հազվադեպ:
Նիսթագմով հիվանդների հետազոտման ժամանակ կարևոր են էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնք թույլ են տալիս ճշտել ախտորոշումը, որոշել օրգանական ախտահարումների աստիճանը, ամբլիօպիայի առկայությունը և որոշել բուժման տակտիկան: Նիսթագմի ժամանակ ստուգում են յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը` ակնոցներով և առանց ակնոցների` գլխի ուղիղ և հարկադրական դիրքերում:
Կարևոր է որոշել տեսողության սրությունը երկու բաց աչքերում, քանի որ երկաչյա ֆիքսացիայի ժամանակ նիսթագմի ամպլիտուդը նույնպես փոքրանում է և տեսողության սրությունը բարձրանում է: Նիսթագմի ժամանակ կիրառվող տեսողության սրության բարձրացման միջոցառումները ներառում են մոտիկի և հեռվի համար օպտիկական կորեկցիայի ընտրությունը:
Նիսթագմի ժամանակ խանգարվում է նաև ակկոմոդացիոն հատկությունը և դիտվում է հարաբերական ամբլիօպիա, այդ պատճառով էլ նշանակում են պլեօպտիկ բուժում և ակկոմոդացիայի մարզման վարժություններ: Օգտակար են ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի ընտրողական լուսային գրգռումները կարմիր ֆիլտրի միջով: Այս վարժությունները կարելի է կատարել հաջորդաբար յուրաքանչյուր աչքի համար և երկու բաց աչքերով: Շատ օգտակար են երկաչյա վարժությունները և դիպլօպտիկ բուժումները, որոնք նաև նպաստում են նիսթագմի ամպլիտուդայի իջեցմանը և տեսողության սրության բարձրացմանը:
Դեղորայքային թերապիան նիսթագմի ժամանակ օգտագործում են աչքի հյուսվածքների, ցանցաթաղանթի սնուցման լավացման նպատակով (անոթալայնիչ պրեպարատներ, վիտամիններ ):
Վիրահատական բուժումը նիսթագմի ժամանակ անցկացնում են աչքի տատանողական շարժումները մեղմացնելու նպատակով: Հրոցանման նիսթագմի ժամանակ, երբ ախտորոշվում է գլխի հարկադրական թեքում` տեսողության սրության բարձրացմամբ և այդ դիրքում նիսթագմի ամպլիտուդայի փոքրացմամբ, վիրահատության նպատակն է տեղափոխել այդ գոտին միջանկյալ դիրք: Դրա համար թուլացնում են ավելի ուժեղ մկանները և ուժեղացնում են առավել թույլ մկանները: Արդյունքում ուղղվում է գլխի դիրքը, թուլանում է նիսթագմը և բարձրանում տեսողության սրությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։