06/06/2023 17:47
Խաչատրյանական միջոցառումներ՝ Երևանում, մարզերում և արտերկրում. Նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը
Այսօր՝ հունիսի 6-ին, նշվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը: Աշխարհահռչակ երգահանի տարեդարձին ընդառաջ ձևավորված կառավարական հանձնաժողովը կազմակերպել է մի շարք տոնական միջոցառումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
«Հոբելյանական այս միջոցառումները մեզ համար ունեն իրականում ռազմավարական նշանակություն, որովհետև այո, իսկապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը աշխարհում չի հնչում բավարար մակարդակով և այն երաժշտական հարթակներում, որ մենք ենք ուզում։ Եվ այո, լրջագույն աշխատանք ունենք տանելու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու։ Սա կարևոր է ոչ միայն միջազգային, այլև ներպետական առումով», - Արամ Խաչատրյան համերգասրահում հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Նշենք, որ միջոցառումներում ընդգրկված են բոլոր առաջատար ստեղծագործական խմբերը և նվագախմբերը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական կամերային նվագախումբը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Պետական ֆիլհարմոնիան և բազմաթիվ այլ կառույցներ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և տնօրեն Կարեն Դուրգարյանն էլ ընդգծեց. «Խոսում ենք մեր ազգի պարծանքի մասին, և մեր պարտքն է կատարել հնարավոր ամեն բան։ Այսօրվանից սկսած երեք օր Թումոյի այգում կներկայացվեն Օպերային թատրոնի և քաղաքապետարանի կողմից կազմակերպված առաջին բացօթյա ներկայացումները՝ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ սյուիտ»։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մարզային այցերի մասին: Օպերայի թատրոնը հունիսին նախատեսում է այց Չարենցավան՝ երաժշտական դպրոցի երգեհոնի միջոցով կատարելու երրորդ սիմֆոնիան։
Առաջիկայում հյուրախաղեր են սպասվում նաև Ֆրանսիայում, որտեղ կներկայացվի «Դիմակահանդես» բալետը, և Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում, որտեղ էլ հանդես կգան «Գայանե» բալետից հատվածներով։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոբելյանին ընդառաջ հոինիսի 5-ին հանդես կգա համերգով, որը կղեկավարի ամերիկահայ անվանի դիրիժոր Ջորջ Փահլևանյանը։ Իսկ հունիսի 6-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի կոնսերվատորիայի հանրահայտ դահլիճում կայանալիք Արամ Խաչատրյանին նվիրված համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ողջ տարվա ընթացքում հանդես կգա հոբելյանական համերգներով, այդ թվում և արտերկրում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգաշարը սկսել է դեռ այս տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից։
Սրանից զատ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 6-ին գալա-համերգով կազդարարի նաև Արամ Խաչատրյան արդեն ավանդական դարձած ամենայա միջազգային մրցույթի բացումը:
Հոբելյանական գեղեցիկ միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունեն նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և նրա անունը կրող տրիոի կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումները:
Տուն-թանգարանի աջակցությամբ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր և պատկերազարդ ալբոմներ հրատարակվել, այդ թվում և օտարալեզու։
Թանգարանի տնօրեն և տրիոյի գեղարվեստական ղեկավար, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը նշեց, որ տարեսկզբից իրենք հանդես են եկել ռուսական մի շարք քաղաքներում հոբելյանական համերգներով՝ թե' նվագախմբերի հետ, թե' առանձին տրիոյով։
Շարունակելով հոբելյանական միջոցառումների շարքը, Առնո Բաբաջանյան համերգասրահը բացում է ռադիոալիք՝ «Խաչատրյան», որով ամբողջ ընթացիկ տարին կհնչի միայն Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում էլ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին: