
06/06/2023 11:32
FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերի մեկնարկը
FLYONE ARMENIA hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը: Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն ու մեկնարկի կապակցությամբ նշեց. «Հայկական FLYONE ARMENIA ազգային բյուջետային ավիաընկերության կողմից Երևան-Թեհրան-Երևան ուղիղ չվերթերի մեկնարկը սպասված էր, և, վստահ ենք, որ այս նոր ուղղությունը կլինի նույնքան պահանջված, որքան FLYONE ARMENIA ավիաընկերության՝ շուրջ երկու տասնյակի հասնող ճամփորդական ուղղությունները:
Նոր չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ամուր կապերը»։