
06/06/2023 17:17
Մեր տուգանքներից, հորդորներից հետո էլ տնտեսվարողները շարունակում են Կորեայի ձորում շինարարական աղբ թափել. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն անդրադարձավ Կորեայի ձորում աղբի կուտակման խնդիրներին։
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարբերաբար անձամբ այնտեղ լինում է, տեղանքն ուսումնասիրում են, ցավոք, պարբերաբար հայտնաբերվում են իրավախախտ տնտեսվարողներ։ Մեր այսքան տուգանքներից, հորդորներից հետո էլ տնտեսվարողները որոշում են այդտեղ շինարարական աղբ թափել։ Մենք հայտնաբերում ենք, տուգանում ենք, կրկին իրենց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք վարում: Միգուցե օրենսդրական առումով խստացման կարիք կա, որպեսզի տուգանքները ավելանան», - նշեց Հովհաննիսյանը։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է բոլոր PR-ող գործերն անում Ավինյանը, կառավարության նիստերին մասնակցում Ավինյանը, այլ ոչ թե պաշտոնակատարը՝ Հովհաննիսյանը պատասխանեց.«Պարոն Ավինյանը 2018-2022 թթ․ եղել է ՀՀ փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքին։ Եվ մենք նպատակահարմար ենք գտել, որ հենց պարոն Ավինյանը ներկա լինի կառավարության նիստերին»։