
06/06/2023 15:10
Մի հատ Սևան ունենք, էդ էլ կորցնենք, պրծնենք. օրենսդրությունն էլ անբարենպաստ է Սևանը պաշտպանելու հարցում. Նազելի Վարդանյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարի չորային է և մի շարք դժվարություններ ենք ունենալու.«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»։
Բնապահպան Նազելի Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ բնապահպաններն անընդհատ այդ խնդրի մասին բարձրաձայնում են, բայց լսող չկա. «Գիտեին, որ Սևանա լճի մակարդակը բարձրանալու է և պետք է բոլոր ափերը մաքրեին, որը չարեցին։ Հետո մեծ գումարներ ծախսեցին, որպեսզի ափերի բուսականությունը մաքրեն, սակայն դա էլ չարեցին։ Հիմա Սևան գնալուց տեսնում ես, որ տների, ծառերի կեսը ջրի մեջ է, բա դրանից հետո պարզ է, որ Սևանը կծաղկի։ Բնական կենսամիջավայր է ստեղծված հենց ծաղկելու համար։ Հիմա որ դնես այդ ծառերն արմատախիլ անես, դա էլ մի ուրիշ խնդիր է առաջացնելու, քանի որ ամբողջ տիղմը բարձրանալու է ջրի երես։ Այսինքն՝ այն, ինչ ժամանակին պետք է անեին, չեն արել։ Հիմա էլ էլի վտանգ կա, որ եթե ջուրը բարձրացավ, ափամերձ բուսականությունն ու շինությունները մնալու են ջրի տակ»։
Նրա խոսքով՝ Սևանի կանաչելուն նպաստում են նաև լճում ձկների բացթողումը. «Անընդհատ ասում են, որ տարեկան այսքան մանրաձուկ ու կեր է բացթողնվում լիճ, այդ ամենն ազդում է լճի ծաղկման վրա։ Այս ամեն ինչը պետք է կոմպլեքսային լուծում գտնի, էլ չեմ ասում, որ լճի շրջակա համայնքերի կոյուղին լրիվ լցվում է Սևան։ Այդ հարցը դարձյալ չլուծված է մնացել։ Ամենաթանկ բանն այսօր ջուրն է, ու մենք անխնա այն օգտագործում ենք։ Ես չգիտեմ, թե ինչ է լինելու մեր ապագան»։
Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրի բացթողումներին, բնապահպանը նշեց, որ դա մի շղթա է, որի լուծումը պետք է գլոբալ լինի. «Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրավազանի մակարդակը ձկնաբուծարանների պատճառով իջել է 15 մետրով, և պոմպերը չեն հասցնում ջուր մղել դեպի գյուղատնտեսական տարածքներ։ Դրա համար ամեն տարի Սևանից են ջուր բաց թողնում»։
Սակայն, ըստ Նազելի Վարդանյանի, այդ բացթողնված ջուրը չի հասնում գյուղացիներին.«Այդ ամբողջ ցանցը վնասված է և վերանորոգված չէ, լճից ջուրը բաց են թողնում, ճանապարհին ջուրը կորում է, գյուղացիներին չի հասնում և ոչ մի խնդիր դրանով չի լուծում»։
Վարդանյանը չի ժխտում, որ չոր տարի է, սակայն նա դրա համար առաջարկում է այլ տարբերակներ ու լուծումներ գտնել.«Այսքան ասում ենք, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի ավազանը չէր կարելի այդքան իջեցնել։ Դրանք բազմակի օգտագործան են և ձկնաբուծարանների ջուրը պետք է մաքրվի, նորից մտնի ձկնաբուծարան, ոչ թե ստորգետնյա ավազանից հանենք, լցնենք Արաքսը, հարստացնենք մեր հարևաններին։ Ամբողջ Նախիջևանը մեր արարատյան ջրերի վրա է ապրում, այստեղից հանում, ուղարկում ենք էնտեղ, որպեսզի նրանք լավ ապրեն։
Դրա համար պետք է ուղեղով աշխատեն, ես չգիտեմ, թե ոնց են անում, էդքան գրեցինք, ասեցինք, որ դա հանցավոր է, չի կարելի այդպես անել։ Այս տարի երաշտ տարի է, այո՛, ջրի խնդիր ենք ունենալու, բայց Սևանն իջեցնելով ու՞ր ենք հասնելու։ Մի հատ Սևան ունենք, էդ էլ կորցնենք, պրծնենք։ Հիմա Սևանի մասին օրենքը դարձրել են չգիտեմ՝ ինչ։ Եթե այն ժամանակ բացթողումների թույլտվությունները տալիս էին ԱԺ-ով, հիմա ուզում են նախարարի մակարդակով անել ու ամեն ինչ անում են, որ հսկողություն չլինի։ Պարզ չէ՞, որ նախարարն ինչ ուզենա, այն էլ կանի։ Այսինքն օրենսդրությունն էլ բարենպաստ չի հիմա Սևանը պաշտպանելու համար»։