06/06/2023 11:43
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։
«Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ», - ասվում է որոշման մեջ։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։
Հիշեցնենք՝ դեռևս մայիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարության ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու հարցը։
Նա նաև ասել էր, որ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին: