
09/09/2023 18:16
Հակամարտությունը կարգավորված չէ, Արցախը բանակցությունների օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի․ Արցախի նորընտիր նախագահ (Տեսանյութ)
Պետության ու պետականության, ներքին կայունության ամրապնդում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Արցախի Հանրապետության ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, տնտեսության զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում․ Արցախի նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանը այս քայլերն է առաջնային համարում իր պաշտոնավարման ընթացքում։
Արցախի խորհրդարանի հատուկ նիստին ներկայացնելով ճգնաժամային իրավիճակում պետության առջև ծառացած խնդիրների լուծման իր տեսլականը՝ Արցախի նորընտիր նախագահն ընդգծել է նաև՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, այլ երթուղիները չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք։
«Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Այն, հակառակ Բաքվի պնդումների, արդեն տևական ժամանակ է, ինչ փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանի այլ ճանապարհներ ևս, սակայն դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք»,- ընդգծել է Սամվել Շահրամանյանը։
Սամվել Շահրամանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար օգնությանը»։
«Առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ «հումանիտար օգնություն» տրամադրելու կարիք չի լինի»,- ասել է նա։
Արցախի նորընտիր նախագահը նշել է նաև՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը․
«Չնայած ՌԴ և հավաքական Արևմուտքի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս՝ հետևյալ հարցերի շուրջ․ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա համապատասխան կարգավիճակ»։
Սամվել Շահրամանյանի խոսքով՝ Ստեփանակերտը բանակցությունների օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի, բանակցությունները կարող են լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ, բանակցությունների կազմակերպումը պետք է լինի երրորդ երկրի կողմից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ նրա տրամադրած երաշխավորությամբ։