
09/09/2023 19:10
Արցախի ընթացիկ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ, սակայն դրանք բավարար չեն, նոր մոտեցումների կարիք կա․ Սամվել Շահրամանյան
Արցախի ընթացիկ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվել և ներկայումս էլ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, սակայն դրանք բավարար չեն և կարիք կա ցուցաբերելու նոր մոտեցումներ, հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ընդգծելով՝ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կոնսոլիդացնել Արցախի, Հայաստանի , Սփյուռքի ներուժն ու հնարավորությունները։
«Նշվածը ենթադրում է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, արձանագրել, որ Արցախը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և ուժերը կենտրոնացնել միայն ու միայն մեկ հիմնական խնդրի լուծման, այն է՝ Արցախը պահել հայկական»,- ընդգծել է Սամվել Շահրամանյանը, ապա ըստ առաջնահերթությունների ներկայացրել, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու՝ Արցախում խնիրների լուծման ուղղությամբ․
1) ազգաբնակչության անվտանգության ապահովում, հումանիտար և առողջապահական հրատապ խնդիրների լուծում, սոցիալական արդարության վերականգնում, պետության պաշտպանունակության բարձրացում,
2) պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,
3) բնակչության սոցիալ կենցաղային պահանջմունքների լիարժեք բավարարում։
Նշվածներից յուրաքանչյուրի համար ծրագրվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցում էլ հենց կներգրավվեն բոլոր կարող և բարձր պատասխանատվություն ունեցող պետականամետ ուժերն ու անհատները։
- կարճ ժամանակահատվածում կգույքագրվեն պետության բոլոր ռեսուրսները – խոսքը վերաբերում է և մարդկային ներուժին և առկա սուղ նյութական հնարավորություններին։
- առավել կսերտացվի փոխհամագործակցության մակարդակը ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ։
-կշարունակվեն և կընդլայնվեն շփումները ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ և Արցախյան հիմնահարցի կարգավորման մեջ շահագրգիռ բոլոր հիմնական դերակատարների հետ։ Ընդ որում, այս հարցում էլ ավելի մեծ աշխատանք ունեն կատարելու թե արտերկրում Արցախի ներկայացուցիչները, թե սփյուռքի մեր հայրենակիցներն ու հայկական կառույցները։
- կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների, վառելիքի, իսկ այնուհետ նաև՝ այլ ապրանքանյութական միջոցների ներկրման ուղղությամբ։
-կներդնվի առկա միջոցները հավասարաչափ և արդարացի բաշխելու համապատասխան ընթացակարգ։
- անհաշտ պայքար կնախաձեռնվի պետության հիմքերը խարխլող, պետականության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների և ազգաբնակչության ծանր սոցիալ կենցաղային պայմաններն իրենց համար լրացուցիչ եկամուտի աղբյուր դարձրած բոլոր անձանց թույլ տված իրավախախտումների դեմ։
«Հարգելի պատգամավորներ, վստահեցնում եմ, որ բանակցային հարթակում հումանիտար հարցերի վերաբերյալ դրական տեղաշարժերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգմանը զուգահեռ կիրականացվեն աշխատանքներ պիտանելիության մեծ ժամկետ ունեցող պարենի բավարար պաշարներ կուտակելու ուղղությամբ, իսկ հաշվի առնելով ճգնաժամի ընթացքում առաջ եկած խնդիրները՝ ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ։
Պետական ապարատը, գործադիր և դատական իշխանությունները կհամալրվեն մասնագիտական ներուժ ունեցող կադրերով, որպես ուղենիշ ունենալով միայն անձի կարողությունները, արհեստավարժությունը, գիտելիքն ու հմտությունները։
Հնարավորությունների ավելացման դեպքում կշարունակվեն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցների, բնակարանային հերթացուցակներում ընդգրված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները»,- ասել է Սամվել Շահրամանյանը։