
09/09/2023 19:31
Կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայությունները, նախասիրությունները և մաս դառնալ Արցախը հայկական պահելու առաքելությանը. Սամվել Շահրամանյան
Ոչ մի պաշտոնյա, այդ թվում՝ երկրի նախագահը, անկարող է իրականություն դարձնել և արդարացնել իրեն վստահողների սպասումները, եթե իրեն դիտարկում է որպես պետության առջև բարձրացված բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխան ունեցողը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ընդգծելով՝ Արցախի հասարակությունը, հիասթափված մինչ այս գործող իշխանություններից, պառակտվել է, յուրաքանչյուր բևեռ իր նախընտրած թեկնածուին է «փրկիչ» համարում։
«Մի շարք բևեռներ են առաջացել, որոնցից յուրաքանչյուրն ունի երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ընդունակ գործչի իր նախընտրելի թեկնածուն: Ավելին, այդ թեկնածուն դիտվում է ոչ միայն որպես միակը Հանրապետության արժանի նախագահ լինելու հարցում, այլ ընդհուպ հանդես է գալիս որպես փրկիչ: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր անձի վերաբերյալ նման սպասումներն ինքնին վերջնարդյունքում բերում են հիասթափության: Վստահ եմ, որ որևէ պաշտոնյա, այդ թվում և երկրի նախագահը, անկարող է իրականություն դարձնել և արդարացնել իրեն վստահողների սպասումները, եթե իրեն դիտարկում է որպես պետության առջև բարձրացված բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխան ունեցողը:
Հանրապետության Նախագահը պետք է ձևավորի արհեստավարժ թիմ և կարողանա իր լիազորությունների և պարտականությունների ամբողջ ծավալը ճիշտ պատվիրարկի համապատասխան մասնագիտական օղակներին: Վերջիններս պետք է նախագահի առջև պատասխանատու լինեն իրենց ընդունած որոշումների, ներկայացրած առաջարկությունների և վերլուծությունների համար, իսկ Նախագահն իր հերթին՝ հաշվետու լինի ժողովրդին»,- ընդգծել է Սամվել Շահրամանյանը:
Հենց այս նկատառումից ելնելով էլ, իր կողմից նախանշված ծրագրերը իրականություն դարձնելու համար նա կրկին միասնականության և համագործակցության առաջարկ է արել բոլոր կարող ուժերին և անհատներին։
«Հարգելի պատգամավորներ, անկախ Ձեր քաղաքական հայացքներից, հստակ է, որ Արցախի խորհդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կանոնադրություններում ներառված է մեկ ընդհանուր նպատակ՝ գործել ի բարօրություն Արցախի Հանրապետության: Հետևաբար, ես Ձեզ կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայությունները, նախասիրությունները և մաս դառնալ Արցախը հայկական պահելու առաքելությանը, չէ՞ որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն պետական իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության համատեղ ջանքերով: Այս առումով կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ պետք է համախմբվել նպատակի, այլ ոչ թե անձերի շուրջ»,- ասել է Սամվել Շահրամանյանը: