![Վստահելի անձնավորություն է, կցանկանայի նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում. Վիկ Դարչինյանը ընտրություններին սատարելու է Սուրեն Պետրոսյանին](https://www.aysor.am/news_images/717/2149689_1/375687595_1405189796727933_4608316687663052434_n.thumb.jpg)
13/09/2023 12:39
Վստահելի անձնավորություն է, կցանկանայի նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում. Վիկ Դարչինյանը ընտրություններին սատարելու է Սուրեն Պետրոսյանին
Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն, հայ մարզիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը Երևանի ավագանու ընտրություններին սատարելու է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը:
«Ես գրանցված եմ Վանաձոր քաղաքում, այդ պատճառով չեմ կարող մասնակցել ընտրություններին: Սակայն սատարելու եմ Սուրեն Պետրոսյանին: Ես հիմնականում հայրենիքում չեմ լինում, դրսում եմ, դրա համար շատերին չեմ ճանաչում: Սուրենին անձամբ ճանաչում եմ, շատ կրթված, լավ տղա է: Հաճելի է նրա հետ շփվելը, զրուցելը: Ես քաղաքականության մեջ չկամ, ընտրությունների օրն էլ այստեղ չեմ լինի, բայց կասեմ, որ Սուրեն Պետրոսյանը վստահելի անձնավորություն է: Շատ կուզենամ՝ նրան տեսնել քաղաքապետի պաշտոնին: Շատ կրթված, խելքով տղա է, վստահելի անձ է: Կուզենամ խելքով տղա լինի մեր քաղաքապետը», - նշեց Դարչինյանը:
Բռնցքամարտիկը հավելեց նաև, որ քաղաքապետի ընտրությունները բոլորի համար էլ կարևոր են և ինքն էլ բացառություն չէ. «Ճիշտ է՝ լավ փոփոխություններ տեսել ենք, կան, բայց քիչ կանգառներ կան Երևանում ու կցանկանայի, որ դրանք ավելացվեն: Աղտոտվածության հարցն էլ է շատ կարևոր: Հուսով եմ՝ նոր քաղաքապետը դրանց ուշադրություն կդարձնի»: