18/09/2023 22:52
Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...
Գույների բազմազանություն, բերքառատ սեղաններ, անուշահամ, մեղրածոր քաղցրավենիքներ, ձեռքի յուրատիպ աշխատանքներ... Սեպտեմբերի 17-ին հայ գործարար կանայք համախմբվեցին միևնույն գաղափարի շուրջ: ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում կազմակերպվեց «Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը ժամանակակից հայ կնոջ նորարարական գաղափարները, ավելին ստեղծելու և հասարակությանը օգտակար լինելու ձգտումը, ձեռքի և մտքի արգասիքը հասարակական լայն շրջանակներին հասանելի դարձնելն էր: Իսկ վաճառքից գոյացած հասույթն ուղղվեց բարեգործությանը՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»:
«Մեր նպատակն է հայ կին ձեռներեցներին հնարավորություն տալ ևս մեկ քայլով մոտենալու իրենց նպատակներին, չէ՞ որ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց գեղեցիկ երազանքներին, իսկ մեր կին ձեռներեցների նպատակները համարձակ են և գեղեցիկ», - նշում է ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ, «A&S concern» ընկերության հիմնադիր-տնօրեն Սուսաննա Չելիկյանը:
Միջոցառման կազմակերպիչներ Գրետա Արսենյանը և Սյուզաննա Գրիգորյանը, ինչպես նաև կամավորները՝ «Եվրասիա միջազգային համալսարանի» ուսանողները, ցուցահանդես վաճառքի ամբողջ ընթացքում հոգացին ներկաների հագեցած ժամանցի՝ հյուրասիրության և բարձրորակ երաժշտության ապահովման մասին: Կանանց տարբեր խմբեր խաղ-մրցույթի շրջանակում «Հերոսների վերականգնողական քաղաքի» վերջերս բացված հացատանը անուշահամ կերակուրներ էին պատրաստում՝ կրկին ի գործ դնելով հայ կնոջ ստեղծագործ միտքը: Ի դեպ, ուտեստների պատրաստմանը մասնակցում էին նաև ցուցահանդեսի գաղափարակից հերոսածին մայրերը:
«Մեր գործընկեր ձեռներեց կանանց համախմբելու գաղափարը ծնունդ է առել դեռևս ամիսներ առաջ: Այսօր, երբ արդեն քաղում ենք մեր գաղափարի պտուղները, երբ տաղավարների շուրջ տեսնում ենք ժպտացող դեմքեր, գոհունակ հայացքներ, հասկանում ենք, որ չենք սխալվել և ինչպես մեր կարգախոսն է ենթադրում՝ ունենալու ենք նոր կայարաններ ևս՝ հանուն նպատակների իրագործման», - ասում է կազմակերպիչ Գրետա Արսենյանը:
Տիկնիկագործությունից մինչև ձեռագործ պայուսակների արտադրություն, անուշաբույր մոմերից մինչև օճառների, խնամքի պարագաների ստեղծում: Կանացից շատերի համար դժվար է սեփական ստեղծագործությունից հրաժարվելը, բայց հանուն նպատակների իրագործման չեն երկմտում՝ անելու քայլը դեպի հաջորդ կայարան՝ նպատակների իրագործում...