
10/10/2023 11:57
Արցախի պատգամավորները ԳԽ-ի որոշմամբ կարող են անվավեր ճանաչել նախագահի՝ պետության լուծարման հրամանագիրը. Սահմանդրագետ
Չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ, այն էլ՝ պետության գլխի կողմից. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը, ով նկատեց, որ Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը խիստ հակասահմանդրական է։
Սահմանադրագետը նշեց, որ անգամ եթե շարժվենք հակասահմանդրական տրամաբանությամբ՝ ԱՀ-ի Սահմանդրությունը, ընդունված Արցախի ժողովրդի կողմից հանրաքվեով, շարունակում է գործել։
«Կարող է դադարել գործել, երբ ժողովուրդը հանրաքվեով նոր Սահմանդրություն ընդունի։ Քանի դեռ դա չկա՝ ԱՀ Սահմանդրությունը շարունակում է գործել։ Արցախ պետության բաղադրամասերից մենք ընդամենը կորցրել ենք նրա տարածքը, սակայն գոյություն ունի վտանարանդի կառավարության ինստիտուտ, և ԱՀ ԱԺ պատգամավորները մեկ-հինգերորդով դիմում են Արցախի Գերագույն դատարանին՝ ԱՀ նախագահի հրամանագիրն անվավեր, հակասահմանդրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե ունենում ենք ԱՀ-ի ԳԽ-ի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը», - ասաց նա։
Ըստ նրա՝ հաջորդ քայլով արդեն անհրաժեշտ է ակտիվ գործողություններով աջակցել, որպեսզի ԱՀ իշխանություններն ապահովեն իրենց իրավասուբյեկտիվության իրացումը՝ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով և կապի միջոցներով, որպեսզի ակտիվ հարաբերվեն միջազգային հանրության, նաև բարեկամ պետությունների հետ՝ պայմանագրային, դիվանագիտական հարաբերություններ կառուցելով։
«ԱՀ-ն պետք է դիմի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու առնչությամբ, ինչու չէ նաև Հռոմի քրեական դատարանին։ Պարտադիր չէ, որ դիմեցինք՝ ունեցանք դատարանի որոշում, կարևորը գործընթացի խնդիրն է, որն իրավական հիմք է, որպեսզի ճանաչվի Արցախ պետության իրավասուբյեկտիվությունը։ Այս քայլով խոչընդոտում ենք ահռելի գումարների հասնող Ադրբեջանի հայցը, որով պատրաստվում է միջազգային ատյաններին դիմել՝ գործընթացն ավարտին հասցնելու համար», - ասաց նա։