30/01/2024 09:42
«Ժողովուրդ». 1000 խոշոր հարկատուների ցանկում ո՞ր ընկերություններն են առաջին 6 հարկատուները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ այդ ցուցակի՝ առաջին 6 հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 70․8 մլրդ դրամ մուտքերով, «Գրանդ Տոբակո»-ն՝ 55 մլրդ 286 մլն դրամ, «Գազպրոմ Արմենիան»-ն՝ 48․5 մլրդ դրամ, «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 46․1 մլրդ դրամ, «Ֆրիթի Ուեյ»՝ 33․2 մլրդ դրամ, «Վայլդբերրիզ»-ը՝ 26 մլրդ 492 մլն դրամ։
2023 թվականի տարեկան տվյալներով՝ հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Կոմբինատի տարեկան հարկերի և տուրքերի վճարը, նախորդ տարվա համեմատ, նվազել է։ 2022 թվականին այն կազմել է 44 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ՝ աճել էր 2.3 անգամ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, որի 2023 թվականի հարկերը, 2022 թվականի հարկերի հետ համեմատ, աճել են 2 մլրդ դրամով։ «Գազպրոմ Արմենիա»-ն արդեն տևական ժամանակ է՝ մնում է 1000 խոշոր հարկատուների առաջատարների ցանկում։
Հետաքրքիր փաստն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն տարեցտարի նվազեցնում է հարկերը. այս տարի երկրորդ հորիզոնականը զիջել է «Գրանդ Տոբակո»-ին։ Նախորդ տարի «Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը կազմել էին 52 մլրդ դրամ՝ այս տարի նվազելով գրեթե 4 մլրդ դրամով։
2022 թվականին նույն ցանկի 6-րդ հորիզոնականում գտնվող «Մոբայլ Սենթր Արթ»-ը, որը Mobile Centre բջջային հեռախոսների խանութների ցանցն է, 2023 թվականին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 2022 թվականին այն եղել է 40-րդ հորիզոնականում, 2022 թվականին ընկերության հարկերը քառապատկվել էր՝ վճարելով 17.6 մլրդ դրամ։
«Ֆրիթի Ուեյ»-ը նախորդ տարի 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլդ 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Ընկերության հարկային աճը նկատելի էր դեռ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, հենց այսպես էլ այն 22-րդ հորիզոնականից բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Բարձրանալով 17 հորիզոնական՝ ընկերության հարկերի և տուրքերի վճարը աճել է 25 մլդ դրամով։ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։
«Վայլդբերրիզ»-ի հարկային մուտքերն ու վճարները սենսացիոն են հայկական շուկայի համար։ 2023 թվականի հունվար-դեկտեմբերի հարկերը գրեթե 35 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։
Ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ըստ էության, վճարվել է պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 77 %-ը։
2022-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,926 մլրդ դրամ, իսկ 2023-ին՝ 2,221 մլրդ դրամ։ 1,926 մլրդ դրամից 1,490 մլրդ դրամը ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները»։