07/02/2024 14:51
Վիրտուալ ԱՀԿ. ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար
Վիվա-ՄՏՍ-ի՝ Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանը (ԱՀԿ) պահանջված գործիք է դարձել բիզնես-հաճախորդների համար: Այն թույլ է տալիս առևտրի, սպասարկման և մարքեթինգային ոլորտներում լավագույն կերպով կառավարել հաճախորդների հետ կապված բոլոր գործողություններն ու հարաբերությունները: Մրցակցային պայմաններում առաջատար դիրքեր զբաղեցնելու տեսանկյունից, դա կարևոր աջակցություն է բիզնես-հաճախորդներին:
Վիրտուալ ԱՀԿ-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները: Այդ ամենն իրականացվում է ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.
սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:
«Գիտությունն ու տեխնոլոգիաները կատարելագործվում են խելահեղ տեմպերով: Ստեղծվում է ճկուն մոտեցում դրսևորելու, պահանջված ու խելացի առաջարկ ներկայացնելու անհրաժեշտություն, և դա մեզ հաջողվում է: Մենք մեր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ենք բիզնես-կառավարման կարևորագույն գործիք և արդեն իսկ ստանում ենք դրական արձագանք: Վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանն (ԱՀԿ) աշխատանքի արդյունավետությանն ու հաճախորդամետությանը նպաստող ծառայություններից մեկն է: Այստեղ ներդրված տեխնոլոգիայի՝ FMC-ի (Fixed Mobile Convergence` ֆիքսված բջջային համակցման) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ կայանին: Դա շատ կարևոր է հատկապես վաճառքի և առաջխաղացման մենեջերների համար՝ բիզնես գործընթացներն արդյունավետ և հարմարավետ դարձնելու առումով: Մեզ հաճելի է արձանագրել, որ դրանից օգտվող կորպորատիվ հաճախորդներն արդեն իսկ զգում են ծառայության արդյունավետությունը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ի բիզնես-հաճախորդները, վաճառքի և առաջխաղացման մենեջերները կարևոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը. հաճախորդ և շահույթ չկորցնելը, բջջային հեռախոսներից ընկերության ներքին հեռախոսահամարներին՝ աշխատակիցների միանալու հնարավորությունը, նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք ապահովելը:
«Մենք երեք մասնաճյուղ ունենք՝ տարբեր մարզերում: Ունենք նաև վիրտուալ համարներ և կարճ համար: Եթե բոլոր օպերատորները զանգի պահին զբաղված են՝ համակարգող հեռախոսը թույլ է տալիս մնալ սպասման զանգի մեջ: Եթե հաճախորդը չի սպասում՝ մեզ մոտ արձանագրվում է բաց թողնված զանգ, և մենք կարողանում ենք հետադարձ կապ ապահովել ու սպասարկել հաճախորդին: Այս ամենը մեզ թույլ է տալիս լինել հաճախորդամետ», - ասել է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:
Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանն ինտեգրված է Հայաստանի և աշխարհի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին` CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դա տվյալների հետ աշխատող գործիքների համալիր է, որը թույլ է տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը: Ընդ որում այնպես, որ հաճախորդների հետ հարաբերություններն առավել արդյունավետ դառնան՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի անհատական ցանկության վրա: