![Վարդենիսցիները բացեցին ճանապարհը. դիմում կուղարկեն Ազգային ժողով](https://www.aysor.am/news_images/743/2227010_1/426092952_1304383670229535_634488154546415157_n1.thumb.jpg)
12/02/2024 16:14
Վարդենիսցիները բացեցին ճանապարհը. դիմում կուղարկեն Ազգային ժողով
Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող վարդենիսցիները դադարեցրին իրենց ակցիան ու բացեցին ճանապարհը։
Նրանք պայմանավորվեցին, որ կհավաքվեն Վարդենիսի ժամացույցի գործարանի դիմաց, համապատասխան կառույցի միջոցով դիմում կփոխանցեն Ազգային ժողով։
«Ողջամիկ ժամկետում թող մեզ լուրջ պատասխան տան՝ ի նպաստ մեր ժողովրդի, եթե ոչ՝ ըմբոստանալու ենք»,- հայտարարեցին նրանք։
Հիշեցնենք՝ վարդենիսցիները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում, փակել էին ճանապարհը, բայց դադարեցրել էին ակցիան որոշ ժամանակով, քանի որ նրանց հետ հանդիպման էր գնացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպումից հետո, սակայն, ճանապարհը կրկին փակել են, քանի որ հայտարարել են, որ մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։
Մարզպետ Կարեն Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանդիպմանն իր պատասխանները գոհացրել են վարդենիսցիներին, պարզապես, նրա խոսքով, մի քանիսն իրենց նեղ անձնական շահերն են առաջ տանում:
Կարեն Սարգսյանը նշել էր, որ անձնագրային բաժինները թվայնացվում են։
«Անձնագրայինը թվայնացվում է, լինելու է թվային, համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակում լինելու է օպերատոր, ովքեր չունեն համակարգիչ ու օգտվելու հնարավորություն, համայնքապետարան են մոտենալու, տվյալ մասնագետն օգնելու է, ստանալու են ծառայությունը»,- ասել էր նա։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից անդրադարձել էին այս թեմային ու պարզաբանել, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։