04/04/2024 14:04
«Ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք». Էդգար Ղազարյանը հղում արեց «21-րդ դարի խոշորագույն դիվանագետներից մեկին»
Ուզում եմ իմ խորը անհանգստությունը և մտահոգությունը հայտնել վերջին տարիներին ԵՄ ինտեգրացիայի հարցում ՀՀ աննախադեպ հետընթացի կապակցությամբ. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց ՀՀ-ում արտակարգ դեսպան և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
«Ինչ հիմա տեղի է ունենում՝ Եվրոպական ինտեգրացիայի հետ բացարձակ ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա։
Ղազարյանը հիշեցրեց, որ 2009թ.-ի հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին, քանի որ Եվրոպան բավարար ուժ չունեցավ «բռնապետական երկրի վրա ազդելու և ժամանակակից Եվրոպայի ամենապարզ խնդիրը՝ բաց սահմանների հարցը լուծելու համար»։
Ղազարյանը նշեց, որ ԵՄ-ն իր վրա վերցրեց հայ-ադրբեջանական փոխգործակցությունը 2021թ.-ի դեկտեմբերից և հասցրեց 2022թ.-ի Պրահայի «խայտառակ» հայտարարության ստորագրմանը, որով ՀՀ տարածքներն ապօրինաբար հանձնվեցին Ադրբեջանին»։
«Հայաստան բերեցին քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բացարձակ ձախողել է իր առաքելությունը»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանն իր ելույթն ամփոփեց նախկինում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հայտարարությամբ։ «Ես ուզում եմ եզրափակել՝ հղում անելով 21-րդ դարի խոշորագույն դիվանագետներից մեկի արտաբերած մտքերին՝ ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել՝ ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա դիվանագիտություն է, ա՛յ անինքնասերներ։
Ողբերգությունն այն է, որ բոլորի կոշիկները լիզել եք բոլորի անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք լիզողը։ Դուք լիզել ու լիզելու եք, այսօր էլ վազում, եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք, ա՛յ կոշիկ լիզողներ»,-եզրափակեց նա։