10/04/2024 20:47
Փրկության վերջին հույսը ոսկրածուծի փոխպատվաստումն էր․ Եղբայրն է քրոջ դոնորը դարձել
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից հայտնում են․
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 42-րդ հավաքագրումը: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Գերմանիայում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ եղբայրն է՝ Գարիկ Պետրոսյանը։ Գարիկը առաջին իսկ օրվանից ներքին զգացողություն ուներ, որ հենց ինքը անպայման պետք է համընկնի քրոջ հետ և հենց ինքը պիտի փրկի քրոջ կյանքը։ Եվ երբ իմացավ, որ համատեղելի է քրոջ հետ և կարող է քրոջ համար դոնոր հանդիսանալ, անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և, այսօր, քրոջը նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։ Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն Գերմանիայում, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։
Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 42-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք»: