![Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր](https://www.aysor.am/news_images/764/2289792_1/448181878_1003497998033392_4953565819380273807_n.thumb.jpg)
11/06/2024 19:04
Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր:
«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:
Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:
Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար:
Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:
Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։ Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»,- Facebook-ում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: