11/11/2024 22:44
Բեխտերևի հիվանդություն․ Ախտանշաններից մեկը պարանոցի ցավն է
Բեխտերևի հիվանդությունը կամ առանցքային սպոնդիլոարթրիտը բորբոքային հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել ողնաշարի որոշ ոսկորների՝ ողերի սերտաճում:
Այսպիսի սերտաճումը ողնաշարը դարձնում է ավելի քիչ ճկուն և կարող է հանգեցնել առաջ թեքված՝ կռացած կեցվածքի: Եթե ախտահարվում են կողոսկրերը, նաև կարող է դժվարանալ խորը շնչելը:
Առանցքային սպոնդիլոարթրիտն ունի երկու տեսակ: Երբ վիճակը հայտնաբերվում է ռենտգեն հետազոտությամբ, կոչվում է անկիլոզացնող սպոնդիլիտ, որը նաև հայտնի է որպես առանցքային սպոնդիլոարթրիտ: Երբ վիճակը հնարավոր չէ տեսնել ռենտգենով, սակայն հայտնաբերվում է ախտանիշների, արյան թեստերի և այլ պատկերային հետազոտությունների հիման վրա, կոչվում է ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտ:
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վաղ հասուն տարիքում: Բորբոքումը կարող է ընդգրկել օրգանիզմի այլ շրջանները ևս, առավել հաճախ՝ աչքերը:
Անկիլոզացնող սպոնդիլիտը վերջնական բուժում չունի, սակայն բժշկի նշանակումները և խորհուրդները կարող են օգնել, որ մեղմացնեք ախտանիշները և, որոշ դեպքերում, դանդաղեցնեք հիվանդության հարաճուն զարգացումը:
Անկիլոզացնող սպոնդիլիտի վաղ ախտանշանները կարող են ներառել մեջքի ցավ և մեջքի գոտկային շրջանի և ազդրերի վերին հատվածի կարկամություն (քարանալու և դժվարաշարժության զգացում), հատկապես առավոտյան և անգործության ժամանակաշրջաններից հետո:
Պարանոցային ցավն ու հոգնածությունը նույնպես տարածված են: Ժամանակի ընթացքում ախտանիշները կարող են վատթարանալ, բարելավվել կամ դադարել՝ անկանոն ընդմիջումներով:
Առավել հաճախ տուժող շրջաններն են՝
ողնաշարի հիմքի և կոնքին միջև գտնվող հոդ (սրբոսկրա-զստային հոդ),
ողնաշար, հատկապես՝ գոտկային հատված,
այն շրջանները, որտեղ ջլերը և կապանները միանում են ոսկորներին, հիմնականում ողնաշարի հատվածում, իսկ երբեմն՝ կրունկի ետևի երկայնքով,
կրծոսկրի և կողոսկրերի միջև ընկած աճառներ,
ազդրի վերին հատվածի և ուսագոտու հոդեր:
Պետք է դիմել բժշկի, եթե կա մեջքի ստորին հատվածի՝ գոտկատեղի կամ հետույքի շրջանում ցավ, որն առաջանում է դանդաղորեն, ուժեղանում է առավոտյան կամ գիշերվա երկրորդ կեսին և հատկապես, եթե ցավը մեղմանում է շարժումների ժամանակ և սաստկանում հանգստի ժամանակ: Անմիջապես դիմել ակնաբույժի, եթե առաջանում է ցավ և կարմրություն աչքերում, ուժեղ լուսազգայունություն կամ մշուշոտ տեսողություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն