28/11/2024 19:37
Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ:
Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը:
Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։
Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա»: