28/11/2024 09:04
«Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ինչպես հայտնի է, շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են բնակարանային ծրագրին մասնակցել կամ աշխատանքի տեղավորվել: Կարճ ասած՝ ճարահատյալ են դիմել, մոտ 4 հազար մարդ՝ 100 հազարից ավելի արցախցիներից: Ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, ի՞նչն է խանգարում դրան. քննարկման ժամանակ փորձելու են վեր հանել այս բոլոր հարցերի պատասխանները»։