29/11/2024 10:33
Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար
Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայինները փորձել են դուրս հանել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման է ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։
Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։
Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի դեպքում ուժայինների գործողությունների արդյունքում կոտրվել է ձեռքը։ Հատուկ ջոկատայինների գործողություններից անմասն չեն մնացել նաև լրագրողները։ Հաղորդվում է, որ նրանց շրջանում ևս կան տուժածներ։
Ցուցարարները ընդդիմության առաջնորդների հետ ամբողջ գիշեր Թբիլիսիի կենտրոնում են մնացել։
Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։
«Ես ակնկալում եմ բուռն արձագանք եվրոպական մայրաքաղաքներից՝ կապված Վրաստանի իրավիճակի հետ», - այս մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ժամը 6:30-ի դրությամբ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերն ու բռնաճնշումները դեռ շարունակվում են։ Թիրախը լրագրողներն ու քաղաքական առաջնորդներն են»,- գրել է նա։