29/11/2024 11:55
Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։
Ծրագրի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով, հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
«Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն․
ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,
բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավել ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 12-ը՝ ժամը 12։00-ն»,- ասվում է հաղորդագրությունում։