30/11/2024 18:18
Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռավար զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Դավիթ Խաչատրյանը նրան հարցրել է. «Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով հերթական անգամ անարգեց մեր Սահմանադրությունը և հաստատեց, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։ Բայց Արևմուտքը կրկին լռում է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ է այդպես»:
«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման» վրա, այլ խրախուսում են այն, և ոչ միայն՝ իրենց լռությամբ։
Ես վստահ եմ, որ երկրում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։ Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային և դատական բլոկներ կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից և իշխանազավթման օպերացիայի կարևոր մասն էր։
Ասեմ ավելին (կալանավորումիցս առաջ այդ մասին հրապարակավ ակնարկել էի)՝ դեռևս 2018-ի հունիսին Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանն այն ժամանակվա ԵՄ դեսպան Սվիտալսկին որպես պաշտոնական՝ հրամցրել էր մի փաստաթուղթ, որը հեղինակել էր «Սորոսի» հիմնադրամը, և այդ փաստաթղթում ուղիղ տեքստով գրված էր, որ «հեղափոխության հաղթանակն» ամրապնդելու համար նոր իշխանությունները պիտի իրենցով անեն ամբողջ իրավապահ և դատական ոլորտները (փաստաթուղթն այս պահին ձեռքիս տակ չէ, այն կհրապարակեմ, երբ տնային կալանքից ազատվեմ)։
Դնենք մի կողմ, որ փաստորեն դեսպան Սվիտալսկին ոչ միայն Եվրոպական Միության, այլև «Սորոսի» դեսպանն էր։ Հիշենք, որ Նիկոլն արդեն 6 տարի է, ինչ հենց այս ծրագիրն է իրականացնում»։