30/11/2024 11:14
Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր
Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն այս պահին մտահոգիչ է ու բարդ, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ։
«Վիճակը մտահոգիչ է և բարդ»,- նշել է Պողիկյանը։
Նա նաև հայտնել է, որ Հալեպի հայերն այս պահին տներում են։
Ավելի վաղ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանը Հալեպի հայերին կոչ էր արել մնալ տներում և խուճապի չմատնվել։ Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները նոյեմբերի 29-ին ներխուժել են Հալեպ քաղաք։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին՝ տարածելով այդ փաստը հավաստող տեսանյութեր։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։
Ժամանակավորապես կասեցվել է նաև ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Հալեպում։