30/11/2024 18:31
Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան
«Վրաստանում իրադարձությունները բավական կանխատեսելի հունով են ընթանում. իշխանությունը հաստատակամ է իր քաղաքական կուրսի մեջ, իսկ ահա, մեծ հաշվով ուլտրալիբերալ Արևմուտքի կողմից ուղղորդվող ընդդիմադիր ուժերի քայլերն էլ սցենարային զարգացումներ ունեն։ Արևմուտքի միակ նպատակն է Վրաստանից ստանալ հակառուսական բևեռ, որովհետև երկար տարիներ այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ են արվել և սպասելիքներ կան. վրացական իշխանությունն այդ գիծը մերժում է՝ ունենալով որոշում՝ որևէ բևեռի կողմ չթեքվել։ Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Տարածաշրջանին, մեզ, իհարկե, կայուն Վրաստան է պետք, բայց մինչև Վրաստանի կայունության մասին մտածելը, պարտադիր է, որ մենք մեր երկրի կայունության մասին հոգ տանենք. մակընթացությանը, քաոսին, անորոշությանն ու անկանխատեսելիությանը պետք է հակադրվեն որոշակիություն, կանխատեսելիություն»,- ընդգծել է նա։