30/11/2024 09:20
«Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն
«Փաստ» թերթը գրում է. ««Էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգի ներդրումից անցել է հազիվ կես տարի, իսկ դրա «չմարսված», կիսատ-պռատ լինելու հետևանքներն արդեն ակներև են: Օրերս Հայաստանի շուրջ երկու տասնյակ դեղատնային՝ հանրությանը հայտնի ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են ավելի քան 600 գործող դեղատուն, ահազանգ-հայտարարությամբ հանդես եկան:
Եթե հակիրճ, ապա դեղատնային ընկերությունների ահազանգը, եթե չասվի՝ ճիչն այն մասին է, որ «էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգը չի գործում, առկա են ինչպես կազմակերպչական, այնպես էլ՝ տեխնիկական, ի լրումն՝ իրավական ու վարչարարական լրջագույն խնդիրներ: Շատ դեղատներ հայտնվել են աստղաբաշխական տուգանքների, դրանց սպառնալիքի ու սննկանալու իրական վտանգի առաջ: Սա՝ այն դեպքում, երբ հիշյալ որոշումն ընդունելիս շատերն զգուշացնում էին, որ այդ մոդելի ներդրումը անպատրաստ ցանցին դնելու է կոլապսի առաջ: Կոլապսը եկել ու բախում է դեղատնային ոլորտի դուռը: Այնպես որ, այս նվաճումն էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա առողջապահության նախարարը կարող են գրանցել իրենց ահռելի «պասիվում»:
Ոլորտի մասնագետները հիմա էլ ահազանգում են՝ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, վաղը, մյուս օրը հարցականի տակ է դրվելու բնակչության դեղորայքային ապահովումը: Կարճ ասած, դեղատները կարող են պարզապես սնանկանալ ու փակվել: Իսկ դեղորայքի կարիք ունեցողներին էլ երևի փաշինյանական իշխանությունները կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն, կամ ծափ տալ՝ ճնշման կարգավորման հաբեր ընդունելու փոխարեն»։