30/11/2024 17:07
Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի։
«Հայաստան» խմբակցության անդամները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, ինչպես նաև Փաշինյանի հանձնարարականը՝ նշված տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չհամարելու վերաբերյալ և հնարավորություն տալ՝ ծանոթանալու դրանց։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր՝ 2025 թվականի հունվարի 14-ին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ վստահեցնելով, որ հետևողական են լինելու գործադիրի ղեկավարի կամայական որոշումները չեղարկելու և հանրության համար հույժ կարևոր այդ փաստաթղթին ծանոթանալու իրենց իրավունքը վերականգնելու հարցում։