30/11/2024 13:52
«Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։
«Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և պետք է կատարվեն որպես այդպիսին, զուգահեռաբար առավել շատ կենտրոնացումը պետք է լինի ինստիտուցիոնալ լուծումներին, որպեսզի մեխանիզմը կայուն լինի և հետագայում շատ ավելի դրական արդյունքներ նախարարությունը և հանրությունը կարողանա արձանագրել պրակտիկ գործունեության շրջանակներում», - նշել է Արփինե Սարգսյանը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նախարարության ու ենթակա ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանդես են եկել որոշ առաջարկություններով, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։
Հանդիպման ավարտին Արփինե Սարգսյանը կարևորել է բարեփոխումների տարբեր ուղղություններով աշխատանքային և մասնագիտական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում ներուժի մեկտեղման հնարավորությունները։