30/11/2024 15:45
Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ)
Յուրաքանչյուր երկիր ընտրում է դեղերի շուկայի կարգավորման իր մոդելը. կան երկրներ, որ դեղորայքի շուկան ամբողջապես հանձնում են պետական կառավարման, օրինակ՝ Եգիպտոսը. այստեղ շուկայում վաճառվող դեղի գինը պետությունն է որոշում և տնտեսվարողն իրավունք չունի գինը փոխելու։ Բնակչության շահի տեսանկյունից, գուցե, սա ամենաարդյունավետ մոդելն է, Aysor.am-ի «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար, բժիշկ-վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը։
«Երկրորդ մոդելի դեպքում դեղերի շուկան բացարձակ ազատականացված է, այսինքն՝ դեղին վերաբերվում են որպես լայն սպառման ապրանքի։ Պետությունը որոշում է, որ գնագոյացման և տեսականու հարցերում անելիք չունի․ շուկայի խաղացողներն են ներմուծում, գին որոշում։
Հայաստանի շուկան հենց այդպիսին է՝ ամբողջապես ազատականացված, ինչի հետևանքով բախվում ենք մի շարք խնդիրների։ Քանի որ մեր շուկան փոքր է և այդ շուկայում՝ հատկապես մեծածախում խաղացող ընկերությունները շատ չեն, հնարավոր է, որ հիմնական խաղացողները համաձայնության գան, սահմանեն խաղի կանոն և այդ կանոններով առաջնորդվեն, ինչի հետևանքով մրցակցային բաղադրիչը տուժում է, գներն էլ չարդարացված բարձր են։
Երրորդ մոդելը միջինն է, երբ պետությունն, ընդհանուր առմամբ, շուկան ազատական է պահում, բայց սահմանում է տեսականի և այդ տեսականու համար՝ գների պետական կարգավորում»,- նշել է նա:
«Հայաստանում դեղորայքի բարձր գինը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի. շուկան փոքր է, սպառումը՝ ոչ մեծ։ Երբ շուկան մեծ է, սպառումն էլ մեծ է, ներմուծողները կարողանում են ավելի մատչելի գներով ներմուծել։ Թեև Վրաստանի շուկան մերի նման փոքր է, բայց հարկային կարգավորման շնորհիվ ավելի մատչելի է դեղորայքը։ Այնտեղ դեղորայքի դեպքում սահմանված չէ ավելացված արժեքի հարկ, ինչի հաշվին էլ Հայաստանի համեմատ՝ Վրաստանում դեղորայքը 20, 25 տոկոսով մատչելի է»,- հավելել է Սողոմոնյանը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: