
03/02/2025 18:22
ԱՄՆ դեսպանատունը շարունակում է օժանդակել Վրաստանում բողոքի ակցիաներին․ Մդինարաձե
ԱՄՆ դեսպանատունը շարունակում է օժանդակել Վրաստանում բողոքի ակցիաներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել ակցիաները, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպումը»,- ասել է Մդինարաձեն՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) փակելու՝ ԱՄՆ նոր իշխանությունների մտադրության համատեքստում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կփոխի գործելաոճը և կսկսի ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը համահունչ գործել։
Նշենք, որ երեկ Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան էր տեղի ունեցել, որի ժամանակ նաև քաշքշուկ ու բախումներ էին եղել ոստիկանության հետ։
Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին․ այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրի իշխանությունները սառեցնում են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։