
03/02/2025 17:14
Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում կայացած ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, գրել է Factor.am-ը։
Լրատվամիջոցն ուսումնասիրել է Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզել, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կողմից ինքն իրեն պարգևավճար տրամադրելուն, նշել էր․
«Եթե պարգևավճար չտար իրեն, կասեի՝ կեցցե՛ս, Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել։ Համայնքների ղեկավարների աշխատավարձերն այսօր շատ ցածր են»։