
03/02/2025 22:15
Ավտոկայանատեղիում վիճաբանության ժամանակ 21-ամյա աշխատակիցը հարթաշուրթով հարվածել է 18-ամյա երիտասարդին
ՆԳՆ-ից հայտնում են․
«Փետրվարի 1-ին, ժամը 20։37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը:
Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Իսակովի պողոտայում գործող վերոհիշյալ ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 21-ամյա աշխատակիցը հարթաշուրթով հարվածել է 18-ամյա երիտասարդին՝ պատճառելով վնասվածք:
21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»։