
04/02/2025 12:05
ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի, ամբողջական վերացման մասին խոսք չկա. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ կատարում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները՝ հաստատելով տեղեկությունը, որ Պետդեպարտամենտը մարդասիրական գործակալությունը «դե-ֆակտո» գրավել է. հայտնում է CNN-ը։
Պետքարտուղարը հայտարարել է, որ գործակալությունն իրեն անպատասխանատու է պահել, իսկ նրա գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի ամերիկյան իշխանությունների կողմից: Գործակալության ամբողջական վերացման մասին խոսք չկա, նշել է Ռուբիոն։
Պետքարտուղարը հստակեցրել է, որ գործակալության նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը փոխանցվել է Պետդեպարտամենտի ծառայողներից Փիթ Մարոկոյին՝ Թրամփի նշանակված անձին, ով ծառայել է ԱՄՆ ՄԶԳ-ում նախագահի առաջին ժամկետում։
Երկուշաբթի օրը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն ասել է, որ լիազորել է Մարոկկոյին «սկսելու ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման և հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ առավելագույնի հասցնելու արդյունավետությունը և գործողությունները ազգային շահերին համապատասխանեցնելու համար»:
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը փակվել է: Նրա աշխատակիցները էլեկտրոնային փոստով հրահանգ են ստացել մնալ տանը։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործակալությունը փակելու մասին՝ կասեցնելով միջազգային օգնության մեծ մասը:
Դեմոկրատներն ասում են, որ նախագահի համար օրինական չէ փակել դաշնային գործակալությունն առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու: