
04/02/2025 21:37
Դուք թույլ, վախկոտ իշխանություն եք, պարտված և ոչ դուխով․ դուք ուժեղ եք միայն Հ1-ի տաղավարում․ Նայեք՝ Ալիևի հետ նախկին 3 նախագահներն իրենց ինչպես էին պահում, հետո նայեք ինքներդ ձեզ․ Ամոթ է
ԱՄՆ-ում հայ համայնքի մի քանի տասնյակ հայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հպարտացավ Հայաստանի կրած պարտությամբ. «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։
Ինչպե՞ս է հնարավոր հպարտանալ պարտությամբ և պարտությամբ ինչ-որ բան ձեռք բերել, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարց է ուղղվել թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանին։
«Պարտության միջով անցնելով՝ որևէ բան ձեռք չեն բերում. կորցնում են։ Պարտությունը կորուստների մասին է, հիշեք՝ մարդկության պատմության բոլոր պարտությունները բերել են կորուստներ, և Հայաստանը բացառություն չէ։ Հայաստանն Արցախյան պատերազմի պարտությամբ ունեցել է և շարունակում է մինչև հիմա ունենալ կորուստներ, հետևաբար՝ այդ ի՞նչ ինքնիշխանություն ձեռք բերելու մասին եք խոսում։ Ո՞րն է այդ ինքնիշխանությունը․ որ Ջերմուկում տարածքային կորուստներ ունե՞նք, թե՞ որ ճանապարհներ ենք կորցրել. Մի՞թե դա է ձեռքբերումը»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը՝ Փաշինյանին հիշեցնելով ադրբեջանցիների սիրելի երգը Փաշինյանին և նրա միջոցով՝ ողջ հայ ժողովրդին ծաղրելու մասին, ինչն ամենևին էլ ձեռքբերումների մասին չէ։
«Դու անգամ չես կարողանում քո պետության տարածքն ազատես թշնամու զորքից. ի՞նչ ինքնիշխան,- դիմելով իրեն ինքնիշխան ղեկավար համարող Փաշինյանին՝ նման հարցադրում է արել Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով,- «Ինքնիշխա՞ն եք. Դուք չեք վիրավորվո՞ւմ, որ Հայաստանի տարածքով չեք կարողանում անցնել, որովհետև ադրբեջանցիների կողմից օկուպացված է։ էդ ժամանակ ձեր ինքնասիրությունը չի վիրավորվո՞ւմ»։
Թուրքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը ղեկավարում է մի ուժ, որն ընդամենը կարող է խոսել ինքնիշխանության մասին, իսկ իրականում վախենում է ոչ միայն թշնամուն պատասխանելուց, այլև սարսափում է Արցախ բառից, հրաժարվում Արևմտյան Հայաստան ձևակերպումից, և դա այն պարագայում, երբ, օրինակ, իրենց կողմից այդքան չսիրված Ռուսաստանը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ընդունել է հայտարարության տեքստ, որտեղ արձանագրված է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում։
«Հայ բազմաթիվ այլ պաշտոնյաներ որոշել են թուրքերի հետ մտերմանալ, բաց կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Այս իշխանության որդեգրած քաղաքականությունը Հայաստանը տանելու է վատ հետևանքների։ Դուք թույլ, վախկոտ իշխանություն եք, պարտված և ոչ դուխով, դուք ուժեղ եք միայն Հ1-ի տաղավարում։ Մի հատ նայեք՝ Ալիևի հետ նախկին 3 նախագահներն իրենց ինչպես էին պահում, հետո նայեք ինքներդ ձեզ և ձեր նկարին. Ամոթ է»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը։